BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ռուսական հարցումները նաև ճիշտ են կամ՝ կուժն ու կուլան

Ռուսական հարցումները նաև ճիշտ են կամ՝ կուժն ու կուլան
28.04.2017 | 10:58

Ինձ հաճախ են հարցնում՝ արժեք ունե՞ն հասարակական կարծիքի ռուսական հարցումները, որ ի հայտ են բերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցության վարկանիշի, թվում է, անխախտ 80 % մակարդակ, ես սովորաբար պատասխանում եմ, որ դա հաստատ իմանալ հնարավոր չէ: Ես չեմ կարծում, որ բոլոր մարդիկ ազնիվ են անծանոթների հետ, որ հարցնում են Պուտինի մասին: Բայց այսօր ավելի լավ պատասխան ունեմ: «Լևադա» կենտրոնի՝ հասարակական կարծիքի ուսումնասիրման Կրեմլի վերահսկողության տակ չգտնվող վերջին խոշոր կենտրոնի, ապրիլյան հարցման տվյալները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների 45 %-ն աջակցում է պաշտոնանկությանը Պուտինի թիմում երկրորդ մարդու՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, որ նույնիսկ արդեն հասցրել է նախագահական աթոռին նստել 2008- 2012-ին: Դա նորություն է, ինչպես և նույն հարցման ի հայտ բերած դժգոհությունը Մեդվեդևից: Անցյալ աշնանը միայն 33 %-ն էր աջակցում վարչապետի հրաժարականին, քաղաքական իրադարձություն, որ սահմանադրորեն պիտի ավարտվեր Մեդվեդևի պաշտոնանկությամբ: Տվյալները հաստատում են միտումը, որ «Լևադա» կենտրոնը նկատել էր մարտին: Պուտինին աջակցության վարկանիշը երկնային բարձունքներում է՝ 82 %, իսկ Մեդվեդևինը փետրվարին 52-ից հասել է 42 %-ի: Այդ անկումը մեկ բացատրություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարող Ալեքսեյ Նավալնու ֆիլմը՝ Մեդվեդևի օգտագործման տակ գտնվող դաստակերտների և շքեղության այլ առարկաների, որ տնօրինում են ստվերային ոչառևտրական կազմակերպութունները: Փաստագրական կադրերը YouTube-ում հայտնվեցին մարտի 2-ին և 20 միլիոն դիտում ունեցան:

Մեդվեդևը չէր շտապում անձամբ արձագանքել ֆիլմով իրեն ներկայացված մեղադրանքներին: Նա լռում էր, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդներ ամբողջ Ռուսաստանում փողոց դուրս եկան ի նշան բողոքի կոռուպցիայի բարձր մակարդակի դեմ, Նավալնուն ձերբակալեցին հանրահավաքների կազմակերպման համար 15 օրով և ազատ արձակեցին: Ապրիլի 4-ին վարչապետը ֆիլմն անվանեց «անազնիվ» և որակեց «կոմպոտ» ոչ արդիական նյութերից, որ թխել են նրանք, ովքեր «ջանում են մարդկանց փողոց դուրս քաշել ու իրենց քաղաքական նպատակներին հասնել»: «Լևադայի» ապրիլյան հարցումը ցույց է տալիս, որ այդ անհամոզիչ պատասխանը նրան չօգնեց: Փաստորեն «Լևադայի» հարցումները այնքան էլ հանգուցյալի էլեկտրասրտագրություն չեն: Նրանք որսում են հասարակության արձագանքը նոր ու կարևոր տեղեկությանը, կարող են արտացոլել քաղաքական ազդեցիկ գործիչների երերուն դիրքը, քանի դեռ խոսքը Պուտինին չի վերաբերում: Այնքան էլ սարսափելի չէ պատասխանել անծանոթների հարցերին Մեդվեդևի մասին կամ պուտինյան «իշխանության ուղղահայացի» այլ գործչի, որքան ազգային առաջնորդի: Դուք չեզոք չեք, եթե Պուտինի հեռանալն եք ուզում: Մեդվեդևի աջակցության ցածր մակարդակը չի նշանակում, որ նրա բոսը հանկարծ ոչ հանրաճանաչ է դարձել, փոխարենը ցույց է տալիս ռուսաստանցիների դժգոհության աճը իրենց կառավարումից: Ռուսաստանցիները բնազդաբար և կրեմլյան քարոզչության շնորհիվ գիտեն, որ Պուտինը մանրակրկիտ վերահսկում է համակարգը: Նրան աջակցությունը հաճախ անկեղծ չէ, որ բնորոշում է ռուսական հասարակությանը պարուրած համընդհանուր անվստահությունը:


Հարցն այն է, թե Պուտինը ինչպես կընդունի Մեդվեդևին հարցումներով հղվող ազդանշանը: Սովորաբար Պուտինը աշխատանքից մարդկանց չի ազատում՝ հիմք ընդունելով, թե նրանց մասին ԶԼՄ-ներն ինչ են խոսում կամ էլ հասարակական հարցումների վարկանիշները, ինչպիսին էլ լինեն: Մեդվեդևի առաջիկա պաշտոնանկության լուրերը տարածվում էին նրա վարչապետ նշանակման օրից: Այնուամենայնիվ, 2018-ի նախագահական ընտրությունների նախօրեին Պուտինին կարող է քավության նոխազ պետք լինել անկայուն տնտեսական ցուցանիշների համար 2016-ին ու 2017-ին: Եթե Ռուսաստանը հետևեր իր Սահմանադրությանը, վարչապետն ու նրա կառավարությունը պատասխանատվություն կկրեին անարդյունավետ քաղաքականության համար, որը դանդաղեցնում է ռուսական տնտեսության վերականգնումը ճգնաժամից հետո՝ հարուցված նավթի գնանկումով, մասամբ էլ արևմտյան պատժամիջոցներով: Կառավարությունը արձագանքեց 2014-ի ճգնաժամին ռուբլու լողացող կուրսով և հույսով, որ դևալվացիան կխթանի հայրենական արտադրությունը՝ ինչպես եղավ 1998-ին և կփոխարինի թանկարժեք արտասահմանյան արտադրանքը: Ստացվեց ոչ այնքան այդպես: Թույլ ինստիտուտները և բիզնես վարելու դժվարությունները Ռուսաստանում զրոյացնում են թուլացած ռուբլու ներգործությունը հայրենական արտադրության վրա:

Ներդրումների ծավալի աճը նույնպես զուսպ էր, և Պուտինը կոչ արեց խթանել կապիտալ ներդրումները: Կենտրոնական բանկը որոշ քանակ կապահովի դրույքաչափերի իջեցումով, բայց համոզիչ ազդակներ կառավարությունը չկարողացավ ստեղծել: Մեղավոր է գուցեև ոչ Մեդվեդևը, չէ որ Պուտինն է ընդունում բոլոր կարևոր որոշումները, բայց նա բացահայտորեն տեղից չշարժվեց, իսկ դա Պուտինին հնարավորություն է տալիս հարմար պահին նրան հեռացնել առավել գործունակ մեկին նշանակելով: Նույնիսկ այնքան դեսպոտիկ, ավտորիտար համակարգում, որ կառուցել է Պուտինը, համառ ընդդիմության ձայնը (օրինակ՝ Նավալնու) կարող է արձագանք ունենալ: Նույնիսկ այդպիսի համակարգում կան սոցիոլոգներ, որ արձանագրում են ընդամենը մեկ մարդու բողոքի ալիքները: Անարդար և կոռումպացված համակարգը երաշխավորում է Նավալնու չընտրվելը, միակ մարդու, որ առաջադրել է իր թեկածությունը 2018-ի նախագահական ընտրություններում, բայց անգամ այդ քաղաքական համակարգը հարկադրված է վերջո արձագանքել բնակչության դժգոհությանը, այլապես կկորցնի իշխանությունը: Վերջերս անհավանական հանդարտ ու մտածկոտ Պուտինը, որ դատողություններ է անում ամեն ինչից բացի կակղամորթների սովորությունների մասին, համեմատելով իր առտնին աշխատանքի հետ, խոցելի չէ: Նա պետք է գտնի անկայուն համակարգը կայունացնելու արդյունավետ միջոց:
Լեոնիդ ԲԵՐՇԻԴՍԿԻ, Bloomberg


Հ.Գ. Նախորդ նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Պուտինը երկու անգամ իր վարչապետներին պաշտոնանկել է: Դմիտրի Մեդվեդևը ամենաերկարն է վարչապետի պաշտոնում, թվում էր՝ նա կարող է բացառություն լինել և իրավահաջորդ էլ դառնալ: Ընտրություններից մեկ տարի առաջ կոռուպցիոն սկանդալի ու նվազող վարկանիշի պատճառով նա, իրոք, կարող է քավության նոխազ ընտրվել: Բայց պաշտոնանկելով Մեդվեդևին՝ Պուտինը վկայելու է Նավալնու հաղթանակը: Իսկ դա նրան պետք չէ:
Ի վերջո, Մեդվեդևը, թե որևէ ուրիշը, որոշումներն ընդունում է Պուտինը: Բացի այդ՝ նրան պաշտոնանկելով, արդեն ինքն է դառնալու քննադատության թիրախ, իսկ այսպես՝ կուժն ու կուլան կոտրվում են Մեդվեդևի վրա, թեպետ գործում է հին ասացվածքը՝ կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու հասկացիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ